ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ի՞նչ է անմահությունը

Ի՞նչ է անմահությունը
01.05.2012 | 00:00

Ավագ քահանա Վալենտին ՍՎԵՆՑԻՑԿԻ

(1882-1931)


ԱՆՀԱՅՏ - Ես եկել եմ ոչ թե խոստովանելու, այլ պարզապես զրուցելու։ Գուցե դա հնարավոր չէ՞։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ինչո՞ւ։

ԱՆՀԱՅՏ- Դե՛, գիտես, ուզում եմ հավատի մասին խոսել, սակայն ամբողջովին անհավատ եմ։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- ՈՒրեմն, ինչո՞ւ խոսել ինձ հետ։

ԱՆՀԱՅՏ- Թույլ կտա՞ս այդ հարցին անկեղծ պատասխանել։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այո՛։

ԱՆՀԱՅՏ- Ես ոչ միայն չեմ հավատում, այլև պատկերացնել իսկ չեմ կարող, թե ինչպես կարելի է հավատալ գիտության ժամանակակից պայմաններում։ Շատ կուզեի ըմբռնել` ի վերջո, ի՞նչ է կանգնած կրթված մարդկանց հավատի հետևում։ Որոշեցի, եթե չմերժես, քեզ հետ խոսել բացեիբաց և, այսպես ասած, դեմ առ դեմ։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ես բոլորովին չեմ կասկածում իմ հավատի անկեղծությանը և պատրաստ եմ պաշտպանելու այն։

ԱՆՀԱՅՏ- Հոյակապ է։ Մի բան էլ` ինչի՞ մասին կարող եմ խոսել քեզ հետ։ Արդյոք հնարավոր համարո՞ւմ ես քննել բոլոր հարցերը մի մարդու հետ, որն անհավատ է ու բոլորովին անհայտ։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Խոսի՛ր այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ ես համարում։

ԱՆՀԱՅՏ- Նախ և առաջ, կցանկանայի խոսել անմահության մասին։ Ժամանակ նշանակիր, երբ ազատ կլինես։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Խոսի՛ր հենց հիմա։

ԱՆՀԱՅՏ- Վախենամ` մեր զրույցը ձգձգվի։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Կշարունակենք հաջորդ անգամ։

ԱՆՀԱՅՏ- Լա՛վ։ Միայն մի պահանջիր ինձնից հետևողականություն։ Ես կխոսեմ այնպես, ինչպես մտածում եմ, երբ մնում եմ մենակ... Անմահությո՜ւն... Ի՞նչ է դա` կյանք մահից հետո՞։ Իսկ ի՞նչն է ապրելու։ Ո՞վ կամ ի՞նչն իմ մեջ, որը չի ոչնչանում իմ մարմնի ոչնչացումից հետո։ Եթե ինձ գցեն կրակի մեջ, ապա իմ մարմնից` ուղեղից, սրտից, ոսկորներից, կմնա մի բուռ մոխիր։ Եվ ես ինչո՞ւ պիտի հավատամ, որ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ կշարունակեմ իմ գոյությունը։ Ի՞նչ հիմքեր կան նման հավատի համար։ Արդյո՞ք դա հավերժ ապրելու մի պարզունակ ցանկություն չէ։ Գիտակցությունս հրաժարվում է պատկերացնել որևիցե գոյություն առանց նյութական հիմքի։ Ես չեմ կարող դիտել մարդուն որպես տեսանելի պատյան, որի մեջ տեղավորվում է անտեսանելի հոգին։ Պատյանը կոտրվեց։ Այն կարելի է վառել, իսկ հոգին դուրս անել ու դնել մի ա՞յլ տեղ։ Եվ ի՞նչ է նշանակում այդ «այլ տեղը»։ Նա կզբաղեցնի՞ ինչ-որ տարածություն։ Կամ այդ խորհրդավոր, անմահ հոգին հերիք չէ` անտեսանելի է, նաև «անտարածակա՞ն է»։ Արդյոք ի՞նչ է այն։ Ինձ համար նա կատարյալ անիմաստություն է։ Եվ ինչպիսի՞ հիմնավորումներ կարող են ստիպել ինձ «հավատալ» այս անմտությանը։ Առայժմ այսքանը։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Մինչև քո հարցին` «ի՞նչ հիմքեր կան այդպիսի հավատի համար», պատասխանելը, փորձենք քննարկել, մի՞թե դա «կատարյալ անմտություն է» քո գիտակցության համար, ինչպես թվում է առաջին հայացքից։ Վերցրու զուտ ֆիզիկական ոլորտը։ Գցած քարն ընկնում է գետնին։ Դա բոլորը տեսնում են։ Եվ բոլորը գիտեն, որ քարի վայր ընկնելու պատճառը Երկրի ձգողությունն է։ Սակայն ուժը, որը կոչվում է ձգողություն, ոչ ոք չի տեսնում։

ԱՆՀԱՅՏ- Բայց ի՞նչ ընդհանուր բան կա ուժի ու հոգու միջև։ Որպեսզի ուժը գործի, հարկավոր է նյութական միջավայր։ Իսկ Դուք համարում եք, որ հոգին կարող է գոյություն ունենալ առանց մարմնի, այսինքն`առանց որևէ նյութական միջավայրի։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Միանգամայն ճիշտ է։ Ես էլ հենց ասում եմ, որ վերցնում եմ զուտ ֆիզիկական ոլորտ։ Բնական է, որ այստեղ երևույթները կարող են լինել միայն նյութական միջավայրում։ Ես ուզում եմ քեզ ցույց տալ, որ ֆիզիկական ոլորտում էլ հնարավոր են գոյության տարբեր հատկություններ. օրինակ, ուժերը չունեն նյութի բոլոր առանձնահատկությունները։ Տեսանելի են ուժերի միայն գործողությունները։

ԱՆՀԱՅՏ- Այո՛, իհարկե։ ՈՒժերի և նյութի հատկությունները տարբեր են, սակայն այդ համեմատությունն անհամոզիչ է մարմնից դուրս հոգու գոյության վերաբերյալ։ Գիտական փորձերը, անկասկած, հաստատում են, որ, այսպես կոչված, հոգեկան կյանքը ֆիզիկաքիմիական պրոցեսների արդյունք է, և այդ պատճառով այն չի կարելի բոլորովին առանձնացնել նյութից։ Ասել է` այդ ֆիզիկաքիմիական պրոցեսների ոչնչացման հետ մեկտեղ կենդանի օրգանիզմում պետք է ոչնչանա և ամբողջ կյանքը։ ՈՒրեմն, ոչ մի «հոգի» էլ չի կարող մնալ։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ի՞նչ փորձերի մասին ես խոսում։

ԱՆՀԱՅՏ- Այն փորձերի, որոնք հաստատում են, որ միտքն ուղեղի որոշակի ֆիզիկաքիմիական պրոցեսների արդյունք է։ Որոշ գեղձերի արհեստական գրգռումներն առաջացնում են որոշակի հոգեկան երևույթներ։ Մի՞թե դրանք չեն ապացուցում (և անհերքելիորեն), որ «հոգևոր» կյանքի բոլոր երևույթները հասարակ հետևանք են այն փոփոխությունների ու պրոցեսների, որոնք տեղի են ունենում մեր մարմնում։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ապացուցում են, սակայն, ոչ միայն այդ. նրանք ապացուցում են, որ հոգին, միանալով նյութին, նրա հետ մտնում է որոշ փոխներգործության մեջ ու սեփական արտահայտության համար նյութական աշխարհում պահանջում է որոշակի նյութական պայմաններ։ Այդ իրողությունը նույնպես կարելի է բացատրել ֆիզիկայի ոլորտից վերցրած օրինակով, ինչպես, ասենք, էլեկտրական էներգիան և էլեկտրական լամպը։ Էլեկտրականությունը գոյություն ունի առանց լամպի։ Սակայն որպեսզի նա արտահայտի ինքն իրեն, պահանջվում է նյութական պայմանների մի ամբողջ շարք։ Նույնն էլ վերաբերում է այն «էներգիային», որը մենք անվանում ենք հոգի։ Եթե վնասես նյութական ապարատը, որը ծառայում է հոգևոր կյանքի արտահայտմանը, օրինակ, ուղեղի այս կամ այն մասը, հոգևոր կյանքը չի կարողանա արտահայտել ինքն իրեն կամ էլ կարտահայտվի սխալ ձևով։ Սակայն այդ ամենից բնավ չի հետևում, որ քո ուղեղը հենց քո հոգին է, կամ էլ` քո հոգևոր կյանքն ուղեղի բջիջների մեջ կատարվող ֆիզիկաքիմիական պրոցեսների արդյունք է։ Ինչպես չի հետևում, թե էլեկտրական լամպն ու էլեկտրական էներգիան նույն բանն են։

ԱՆՀԱՅՏ- Սակայն չէ՞ որ էլեկտրական էներգիայի գոյությունն ապացուցվում է ոչ միայն էլեկտրական լամպով, այլև բազմաթիվ այլ փորձերով։ Իսկ ինչո՞վ է ապացուցվում հոգու գոյությունը։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Դրա մասին ավելի ուշ։ Առայժմ մենք խոսում ենք միայն այն մասին, թե կարելի՞ է արդյոք համարել «կատարյալ անմտություն» որևիցե գոյություն առանց նյութական հիմքի։ Հետո պիտի հարցնեմ քեզ, ընդունո՞ւմ է արդյոք տարրական բանականությունը, որն էլ ամենից շատ է խանգարում հավատին, արդյոք նա հաշվի նստո՞ւմ է նյութի մասին գիտական պատկերացման հետ։ Չէ՞ որ, համաձայն այդ պատկերացման, նյութը բոլորովին այն չէ, ինչ դու տեսնում ես։ Մի՞թե դու տեսնում են անընդհատ շարժվող հյուլեները, որոնք կազմում են աչքի համար անշարժ նյութը։ Մի՞թե դու տեսնում ես բազմաթիվ շարժվող էլեկտրոններն այդ շարժվող հյուլեների ընդերքում։ Եվ արդյո՞ք կարող ես առանց փիլիսոփայության ցուցումների ընդունել նյութական աշխարհը, դու ըմբռնում ես միայն այն «սեփական գիտակցության սուբյեկտիվ վիճակները», որոնք պայմանավորված են քո արտաքին զգացմունքներով, ու այդ պատճառով ինքնին, նյութի էության մասին դու ոչինչ չես կարող իմանալ։ Եթե ունենայիր տեսողության, լսողության, շոշափելիքի, համի այլ օրգաններ, ամբողջ աշխարհը կպատկերանար քեզ լիովին այլ կերպ։ Կարո՞ղ ես բոլորովին ժխտել փիլիսոփայության ցուցումներն այն մասին, թե տարածությունն ու ժամանակը ոչ այլ ինչ են, եթե ոչ քո գիտակցության կատեգորիա։ Եթե հաշվի առնենք այս ամենը, արդյո՞ք «նյութի» մասին հարցը քեզ այնքան բարդ չի թվա, որ բոլորովին անհնարին կդառնա գռեհկացնել այն ու հասցնել մինչև կոպիտ և բոլորովին ոչ գիտական մատերիալիզմի (նյութապաշտություն)։

ԱՆՀԱՅՏ- Ենթադրենք` այդպես է։ Սակայն ի՞նչ եզրակացություններ ես անում այստեղից։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Եզրակացությունները դեռ շատ չնչին են։ Ես հաստատում եմ, որ նյութի էության մասին մենք գիտենք շատ ավելի քիչ, քան կարծում ենք, և որ խիստ անկասկած երևույթներ մեզ թույլ են տալիս հասարակ նյութական գոյությունը, ինչն ըմբռնվում է հինգ արտաքին զգայարաններով, չհամարել գոյության միակ հնարավոր ձևը։

ԱՆՀԱՅՏ- Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, թե գոյություն ունի հոգին։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ինքնի՛ն հասկանալի է։ Ես նման եզրակացություն չեմ էլ անում։ Մենք մարմնավորված ենք նյութական ձևի մեջ, մեր բոլոր օրգանները ենթարկվում են նյութական օրենքներին։ Եվ չկա ոչ մի զարմանալի բան, որ դրանով մենք ըմբռնում ենք միայն այն, ինչն ունի նյութական հիմք։ Սակայն եկեք շարունակենք մեր զրույցը։ Ի՞նչ հիմքեր կան անմահությանը հավատալու։ Կարելի՞ է արդյոք անմահությունն ապացուցել։ Չէ՞ որ ես քեզ ճիշտ եմ ընկալել. դու հենց այդպես էլ հարցադրում ես։

ԱՆՀԱՅՏ- Այո՛։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Ի՞նչ ես հասկանում` արտաբերելով «ապացույց» բառը։

ԱՆՀԱՅՏ- Նկատի ունեմ կա՛մ փաստերը, կա՛մ տրամաբանական դատողությունները, որոնք պարտադիր են մարդկային գիտակցության համար։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Լավ։ Անմահության մասին հարցի կիրարկմամբ, ինչպիսի՞ ապացույցներ քեզ կբավարարեին։

ԱՆՀԱՅՏ- Նախ և առաջ, իհարկե, փաստերը։ Եթե «այն աշխարհից» տրվեին վկայություններ մարդկային հոգու անմահության վերաբերյալ, ես կհամարեի հարցը լուծված։ Բայց դա չկա։ Մնում է ուրիշ մի բան` տրամաբանությունը։ Տրամաբանությունը, իհարկե, պակաս համոզիչ է, քան փաստերը, սակայն ինչ-որ չափով կարող է փոխարինել դրանց։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Վկայությունները, որոնց մասին խոսեցիր, բազմաթիվ են։ Բայց այդպիսին է անհավատության հատկությունը։ Նա միշտ փաստեր է պահանջում ու շարունակ ժխտում է դրանք։ Դժվար է ինչ-որ բան ապացուցել փաստերով, երբ պահանջում են, որ հենց փաստերը, իրենց հերթին, նույնպես ապացուցվեն։

ԱՆՀԱՅՏ- Սակայն ինչպե՞ս վարվել, հո չի՞ կարելի արժանահավատ համարել պատմությունները սրբերի վարքից։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Կարելի է, իհարկե, բայց ես հասկանում եմ, որ քեզ հիմա այդպիսի փաստերով ոչինչ չես ապացուցի, որովհետև այդ փաստերը քեզ համար կարիք ունեն ապացույցների ոչ պակաս, քան հոգու անմահությունը։

ԱՆՀԱՅՏ- Միանգամայն ճիշտ է։

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Մենք կմոտենանք հարցի լուծմանը այլ կերպ։ Մենք նույնպես կելնենք փաստերից։

(շարունակելի)


Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ